ՀՀ և ՉԺՀ առևտրաշրջանառությունը վերջին տարիներին հատում է կես միլիարդ դոլարի սահմանը. Մնացական Սաֆարյանի հարցազրույցը

Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և ՉԺՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում: Այս մասին նշեց ՀՀ ԱԳՆ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի պետ Մնացական Սաֆարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում` անդրադառնալով հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Չինաստան այցի օրակարգին, երկկողմ կապերի այլ ասպեկտներին:


- Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները 27 տարվա պատմություն ունեն։ Ինչպիսի՞ մակարդակի վրա են դրանք այժմ գտնվում, և ի՞նչ հեռանկարներ կան դրանց զարգացման համար։

-Իրավացի եք, միջպետական հարաբերությունները Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորվել են Հայաստանի անկախությունից հետո՝ 1991թ.-ից ի վեր , սակայն ինչպես գիտեք հայ-չինական առնչությունները շատ ավելի երկար պատմություն ունեն: Չնայած մեր պատմության այս իրադարձությունները դեռևս ուսումնասիրության կարիք ունեն, կան աղբյուրներ, փաստեր և գիտական աշխատություններ Մետաքսի Մեծ ճանապարհի ժամանակաշրջանում տեղի ունեցած առևտրական և մշակութային կապերի և փոխանակումների վերաբերյալ:

1992թ. ապրիլի 6-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, ՀՀ և ՉԺՀ միջև բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը հարաճուն զարգացում են ստացել, գնալով ընդլայնվել և խորացել՝ ներառելով քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի գրեթե բոլոր բնագավառները: Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և ՉԺՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում: Հայ-չինական հարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխվստահության, իրավահավասարության և փոխադարձ շահեկանության վրա, դրանց բնորոշ է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, տարբեր մակարդակներով և ձևաչափերով հանդիպումների և փոխայցելությունների բարձր դինամիկան: Վերջին շրջանում, ընթացիկ տարվա ապրիլին կայացել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տիկին Չեն Յուեյուեի այցը Հայաստան, հերթական քաղաքական խորհրդակցությունները ՀՀ և ՉԺՀ արտաքին գերատեսչությունների միջև, ծրագրվում է հայ-չինական համատեղ առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ից 16-ը լինելու է Պեկինում։ Ինչպիսի՞ն է վարչապետի այցի օրակարգը, ինչ հանդիպումներ են սպասվում այցի ընթացքում և երկու երկրների միջև համագործակցության հարցերի ի՞նչ շրջանակ է քննարկվելու։

-Վարչապետի ՉԺՀ այցի ծրագրում են մասնակցությունը «Ասիական քաղաքակրթության երկխոսության խորհրդաժողովին», հանդիպում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, հանդիպում և աշխատանքային ճաշ ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ, մի շարք այլ միջոցառումներ: Oրակարգն, իհարկե, բավական ընդգրկուն է: Ինչպես նշեց ՀՀ վարչապետը այցի նախօրեին՝ հանդիպումները լավ հնարավորություն են նոր խթան հաղորդելու հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը և նախանշելու դրանց երկարաժամկետ զարգացման հեռանկարները: Բնականաբար, կքննարկվեն նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր, որոնք կազմում են երկկողմ համագործակցության օրակարգը:

- Ինչո՞վ կարող է նշանակալի լինել Հայաստանի համար «Ասիական քաղաքակրթության երկխոսության խորհրդաժողովը», ինչպիսի՞ գործնական արդյունքներ են ակնկալվում համաժողովից։

-Ասիական քաղաքակրթության երկխոսության խորհրդաժողովի նախաձեռնության մասին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է 2015թ.-ին: Այն նպատակն ունի շփումների և փոխանակումների հարթակ տրամադրել երիտասարդության, տեղական համայնքների և մամուլի ներկայացուցիչների համար, ինչպես նաև ստեղծել համագործակցության ցանց գիտահետազոտական հաստատությունների միջև՝ դրանով հարստացնելով մշակութային կյանքը և խթանելով տարածաշրջանային համագործակցությունն ու զարգացումը:

Խորհրդաժողովի թեմատիկան կազմում են փոխանակումներն ու փոխճանաչողությունը Ասիական քաղաքակրթությունների միջև, ինչպես նաև համատեղ ապագայի համայնք հասկացողությունը: Ի դեպ, սա առաջին նման խորհրդաժողովն է և Հայաստանի մասնակցությունը նաև խորհրդանշական տարր է պարունակում: Բացի խորհրդաժողովի բացման արարողությունից, որին ելույթ կունենա ՀՀ վարչապետը, կանցկացվեն առանձին թեմաների նվիրված զուգահեռ նիստեր, մշակութային փառատոն, Ասիական քաղաքակրթության շաբաթ և այլ միջոցառումներ:

- «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» բարձր մակարդակի հաջորդ գագաթնաժողովն անցկացվելու է երկու տարի անց։ Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկի Հայաստանը դրան մասնակցելու ու իր մոտեցումները ներկայացնելու համար։

-2015թ. մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ կոմերցիայի նախարարության միջև ստորագրվել է Հուշագիր հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման վերաբերյալ»: «Գոտի և Ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին և «Կանաչ Մետաքսի ճանապարհ» թեմատիկ ֆորումին այս տարի ապրիլին մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Այցի ընթացքում ՉԺՀ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Լի Գանծիեի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր և ստորագրվել է «ՀՀ բնապահպանության նախարարության և ՉԺՀ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը:

Ինչ վերաբերվում է ձեռնարկվելիք քայլերին, ապա հարկ է հայ-չինական համատեղ հանձնաժողովի առաջիկա նիստին ընդառաջ մանրամասն ուսումնասիրել կոնկրետ ուղղություններով ՀՀ և ՉԺՀ միջև համագործակցության հնարավորությունները և ապահովել դրանց իրականացումը, օրինակ՝ թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, մշակույթի և այլ ուղղություններով համագործակցության օրակարգ;

- Հայաստանի և Չինաստանի միջև ներմուծման և արտահանման ծավալները վերջին տարիների ընթացքում աճ են գրանցում։ Այս տենդենցի պահպանման համար ի՞նչ նախադրյալներ կան։ Հայաստանի հետ տնտեսական ոլորտի հետ կապված ինչպիսի՞ ծրագրեր ունի Չինաստանը։

-ՀՀ և ՉԺՀ միջև միջպետական հարաբերություներն ունեն բազմաթիվ պրակտիկ համագործակցության բնագավառներ, որոնց հետևողական զարգացմամբ կողմերը ջանում են զարգացնել և խորացնել փոխադարձ շահավետ գործակցությունը, կապերը գործարար համայնքների միջև: Վերջին մի քանի տարիներին ՀՀ և ՉԺՀ միջև առևտրաշրջանառության ծավալները կայուն կերպով հատում են կես միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանագիծը, ընդ որում՝ Չինաստանը ՀՀ երկրորդ առևտրական գործընկերն է ապրանքաշրջանառության ծավալներով: Սակայն, հարկ է հավելյալ ջանքեր գործադրել Չինաստան արտահանվող հայկական արտադրանքի տեսականին ընդլայնելու, բարձրորակ ապրանքների մուտքը չինական շուկա ապահովելու ուղղությամբ: Դրան առաջնահերթ կարող է նպաստել Հայաստանի ակտիվ մասնակցությունը Չինաստանում անցկացվող միջազգային ցուցահանդեսներին: Այսպես՝ Հայաստանը մասնակցում է այս տարվա ապրիլ-հոկտեմբեր ժամանակահատվածում անցկացվող Պեկին-2019 միջազգային այգեգործական ցուցահանդեսին, որի շրջանակներում Հայաստանի տաղավարում ներկայացվում է մեր երկրի բուսաբուծական փորձը և գյուղատնտեսական արտադրանքը, իսկ ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստանը կմասնակցի Շանհայի ներկրման երկրորդ միջազգային ցուցահանդեսին: Առաջընթաց կա հայկական ալկոհոլային խմիչքների չինական շուկա արտահանման ուղղությամբ, աշխատանքներ են տարվում հայկական մեղրի արտահանման համար համապատասխան իրավական դաշտն ապահովելու համար:

Տնտեսական բնագավառի համատեղ ծրագրերն ու անելիքները հարկ է առաջին հերթին դիտարկել «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման վերաբերյալ» հուշագրի շրջանակներում, որով նախատեսվում է համատեղ գործողությունների լայն շրջանակ ենթակառուցվածքային շինարարության, հանքարդյունաբերության, արդյունաբերության, ազատ տնտեսական գոտիներում համատեղ արտադրությունների հիմնման, արևային և այլ վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում: Իհարկե, դրանով հայ-չինական տնտեսական համագործակցությունը չի սահամանափակվում: Առաջիկայում կուսումնասիրվեն ԵԱՏՄ և ՉԺՀ միջև ստորագրված առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու հնարավորությունները:

Անդրադառնալով ներդրումային ոլորտին, հարկ է նշել, որ չինական կապիտալի մասնակցությամբ ներդրումները Հայաստանում դեռևս մեծ ծավալների չեն հասել, սակայն, վերջին շրջանում նկատվել է Հայաստանի նկատմամբ չինական ընկերությունների հետաքրքրության աճ: Այս հետաքրքրությունը դրսևորվում է ինչպես մեր գերատեսչությունների հետ աշխատանքների ուղղությամբ, այնպես էլ՝ մասնավոր, ուղիղ գործակցության ձևով: Սրանց շարքում կարելի է նշել, օրինակ, չինական «Նյու Յիդա» ընկերության կողմից Հայաստանում հանքային ջրերի շշալցման ու արտադրության նոր գործարան հիմնելու ծրագիրը։

Շատ է խոսվել, որ Չինաստանի հետ աշխատանքը որևէ ոլորտում պահանջում է այս երկրի հետ աշխատելու մասնագիտական կարողություններ՝ լեզվի և մշակույթի իմացություն: Սա, ի դեպ, ճշմարիտ է գրեթե բոլոր բնագավառների և մասնագիտությունների առումով, և կարծում եմ ժամանակն է, որ Չինաստանի հետ համագործակցություն ունեցող մեր կազմակերպությունները, ինչպես նաև մասնավոր ընկերությունները անդրադառնան այս խնդրի լուծմանը, ներգրավեն համապատասխան մասնագիտական ներուժը, որն արդեն իսկ առկա է մի շարք բնագավառների ուղղությամբ: Կարելի է նաև մտածել չինական շուկայում աշխատող ընկերությունների և համապատասխան փորձագիտական ներուժի մեկտեղմամբ համապատասխան հարթակ ստեղծելու մասին, քանի որ համապատասխան փորձի փոխանակման այսպիսի ձևաչափը կարող էականորեն նպաստել ինչպես հայկական արտադրանքը չինական շուկա դուրս բերելու նպատակին, այնպես էլ՝ այլ բնագավառներում տարաբնույթ համագործակցությունն ակտիվացնելու գործում:

- Երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում ինչպիսի՞ համագործակցություն կա։ Չինական կողմն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել այս ասպարեզում համագործակցության խթանման համար։

-Հայաստանի և Չինաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցությունը իրականացվում է գերատեսչությունների միջև կնքվող երկամյա կամ եռամյա ծրագրերով, որոնց շրջանակներում նախատեսվում է օրինակ մշակութային օրերի անցկացում և այլ միջոցառումներ: Այս տարի նախատեսվում են մի շարք նման մշակութային միջոցառումների անցկացում, որոնց մասին կհայտարարվի:

Միջազգային հնչեղ միջոցառումներին մշակութային համույթների մասնակցությունը նույնպես լավ հնարավորություն է ընձեռում հայ և չին ժողովուրդների փոխճանաչելիության բարձրացման համար: Օրինակ, Պեկինում Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին գալա համերգին, որը տեղի կունենա Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում ելույթով հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտին, այստեղ համատեղ աշխատանքներ են տարվում Հայաստանը չինացիներին ավելի ճանաչելի դարձնելու համար: Այսպես, անցյալ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ կազմակերպվել է ՉԺՀ կենտրոնական հեռուստատեսության CCTV-6 և CCTV-7 հեռուստածրագրերի նկարահանող խմբերի այցելությունները Հայաստան, որոնց ընթացքում հաղորդումներ են նախապատրաստվել Հայաստանի պատմության, մշակույթի, արվեստի և զբոսաշրջային ներուժի վերաբերյալ: Հաղորդումները 2018թ.-ի նոյեմբեր-դեկտեմբերին շաբաթական մի քանի անգամ ցուցադրվել են ՉԺՀ կենտրոնական հեռուստատեսությամբ և համացանցային հեռարձակմամբ: Քննարկվում է 2019-ի ընթացքում նմանատիպ հաղորդման նախապատրաստումը: Հուսով ենք, սա կավելացնի Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Չինաստանում: Ի դեպ 2016թ. ՉԺՀ-ից ՀՀ այցելուների ընդհանուր քանակը 2018թ.-ին կազմել է շուրջ 9000՝ աճելով գրեթե կրկնակի։ Փոխայցելությունների տեմպերի աճը կնպաստի նաև Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության ստեղծմանը:

Հարցազրույցը` Նորայր Շողիկյանի

Загрузка...
Яндекс.Метрика
website by Sargssyan