Զինգրքույկում ապրիլյան պատերազմի մասնակցության նշում չկա, բուժում չեն կարող ստանալ. քառօրյայի մասնակից

Այս պաշտպանության նախարարությունը շատ ավելի քիչ է ուշադրություն դարձնում արցախյան ազատամարտիկների ընտանիքներին, զոհվածների ծնողներին, մեր հերոսների խնդիրներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը։ «Անտեսված են մեր հերոսների ծնողները, անտեսվում են մեր դիմումները, խնդրանքները, մենք սպասում ենք, ու մեզ չեն ընդունում, զանգում ենք ու զանգերին չեն պատասխանում»,– ասաց նա։

Ըստ Մանուկյանի՝ տարեցտարի անտեսումն առավել ակնհայտ է դառնում։ «Այլ էր 2016–ին, այլ էր 2017–ին, 2019–ին՝ լրիվ այլ է։ Օրինակ՝ ես զանգում եմ պաշտպանության նախարարություն։ Տաս զանգ անպատասխան է մնում։ Տասնմեկերորդը նոր պատասխանում են, տալիս են այլ հեռախոսահամար։ Հիմա էլ մի տաս անգամ զանգում եմ այդ հեռախոսահամարով։ Չեն պատասխանում։ Գրում եմ «Ֆեյսբուքում», որ Պաշտպանության նախարարությունից չեն պատասխանում։ Մի քիչ հետո ինձ զանգում են՝ թե ինչի՞ ես գրել, որ զանգում ես, չենք պատասխանում։ Էլի կզանգեիր, էլի։ Մի ահագին խոսում են էդ մասին։ Հետո ասում եմ՝ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ էի զանգել, ի՞նչ խնդիր ունեմ։ Անջատում են հեռախոսը»,– ասաց նա։

Մանուել Մանուկյանի խոսքով՝ նախարարությունները մեկից մյուսին են ուղարկում։ «Դիմում ես Պաշտպանության նախարարություն, ասում են՝ առողջական խնդիր է, դիմի առողջապահության նախարարություն կամ կրթության նախարարություն, դիմում ես առողջապահության նախարարություն, ասում են՝ չէ, այս խնդիրը զինուժի հետ է կապված, դիմի պաշտպանության նախարարություն. ու էսպես անվերջ»,– նշեց նա։

Загрузка...
website by Sargssyan