Մենք չենք կարող այս ամենի վրա աչք փակել․ Մարինա Խաչատրյանը՝ «Գարդասիլի» հետևանքների մասին

«Մենք շեշտը դրել ենք իրավական հարթության վրա, որովհետև դեղերի հետ աշխատող և՛ ամերիկյան, և՛ եվրոպական բոլոր կառույցների ցուցումներով «Գարդասիլ 4»-ը ցուցված է 9-26 տարեկանների համար, մինչդեռ մեզ մոտ նախարարի հրամանով սահմանվել է մինչև 45 տարեկանը»,- ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը՝ նշելով, որ հայտնի չէ, թե արդյոք դա անվտանգ է այդ տարիքի համար։

 

Նրա խոսքով՝ իր համար շոկային բացահայտում էր, որ «Գարդասիլ 4»-ով պատվաստում են, բայց այն գրանցված չէ Հայաստանում։ Անդրադառնալով Աժ առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում այսօր տեղի ունեցած քննարկմանը՝ Մարինա Խաչատրյանը ասաց․ «Ինչպես նկատեցիք, քննարկումը բաժանված էր երկու ճամբարի։ Մեր ճամբարը ներկայացնում էր չոր փաստեր, մյուս ճամբարը էմոցիոնալ ելույթներին էր տրվել։ Ես հասկանում եմ նրանց էմոցիոնալ մոտեցման պատճառը, որովհետև երբ չկան ներկայացնելու փաստեր, մարդիկ ստիպված են լինում էմոցիոնալ ելույթներով հանդես գալ կամ վիրավորել։ Մենք պրոֆեսիոնալ ենք բոլոր առումներով և երբևէ սադրանքների չենք տրվել»,- ասաց Մարինա Խաչատրյանը։


Նյարդավիրաբույժը հատկանշական համարեց այն, որ «Գարդասիլ 4»-ի մեջ նաև մեծ քանակությամբ ալյումին կա,որն առաջացնում է նյարդային համակարգի տարբեր ախտահարումներ, ազդում է արյան սինթեզավորման համակարգի վրա և բազմաթիվ այլ խնդիրներ առաջացնում՝ ընդհուպ մինչև մահ․ «Մենք չենք կարող այս ամենի վրա աչք փակել։ Գուցե 100-ից 10-ի տոկոսի մոտ են նկատվելու դրանք, բայց չենք կարող երաշխավորել, որ այդ 10 տոկոսի մեջ մենք կամ մեր երեխաները չենք լինի։ Յուրաքանչյուրի հարցում մենք պետք է այնպես մոտենանք խնդրին, ինչպես որ կմոտենայինք մեր սեփական մարմնի, օրգանիզմի կամ կյանքի պարագայում»,- ասաց նյարդաբույժը՝ ընդգծելով, որ սա լիարժեք չհետազոտված պատվաստանյութ է։


Անդրադառնալով նախարարության ներկայացուցիչների ելույթներին, այն մասին, թե սա հակաքաղցկեղածին պատվաստանյութ է՝ Մարինա Խաչատրյանը ընդգծեց, որ ի վերջո իրենք կարողացան բացահայտել և հակադարձել, որ «Գարդասիլ 4»-ը ամենևին էլ հակաքաղցկեղածին պատվաստանյութ չէ․ «Սա հակավիրուսային պատվաստանյութ է, ընդ որում՝ 30 քաղցկեղածին վիրուսներից ընդամենը 2-ի վրա է ազդում, իսկ մյուս երկուսը՝ ընդամենը գորտնուկներ են առաջացնում»- ասաց նա։

Նյարդավիրաբույժը նաև նշեց, «Ապացուցել ենք, որ 2014 թվականի Կառավարության որոշման մեջ նշված սքրինինգային ծրագիրը չի իրականացվել: Իրենք էլ փաստեցին, որ մինչև 2015 թվականը հնարավորություն չեն ունեցել պատվաստումը կատարելու։ Մենք նաև կարողացանք ապացուցել , որ գրանտ են շահել՝ 294 հազար դոլարի։ Սկզբում ժխտողականության քաղաքականությամբ էին խոսում, հետո Գայանե Սահակյանը, մեր փաստաթղթեր ներկայացնելուց հետո, խոսեց այդ մասին, քանի որ այլևս չէր կարող ժխտել։

Մենք կարողացանք ապացուցել, որ մոտ 66 հազար դեղաչափ «Գարդասիլ» է ներկրվել Հայաստան և պատվաստվել է միայն 5 հազարը։ Իրենք ունեն ժամկետի խնդիր»,- ասաց նա։

Հարցին, թե կարելի է ենթադրել, որ «Գարդասիլի» ներարկման նպատակը մինչև ժամկետի ավարտը վերջացնելն է, Մարինա Խաչատրյանը պատասխանեց․ «Այո՛, իմ ենթադրությամբ՝ կիրառելը և իրացնելն է և ես դրա համար հիմքեր ունեմ։ Ստացել են գումար, ստացել են պատվաստանյութի որոշակի խմբաքանակ և ունեն ժամկետի խնդիր։ Պատվաստանյութի շուրջ 30 հազարին մնացել է հինգ ամսվա ժամկետ»,- ասաց Մարինա Խաչատրյանը։

Նյարդավիրաբույժը նշեց, որ մի շարք բժիշկներ ևս պոլիկլինիկաներում ասում են, որ մի ստացեք այդ պատվաստանյութը, դրա կարիքը չկա, բայց նրանք չեն պրոպագանդում, այլ հորդորում են։ Ամփոփելով իր խոսքը՝ Մարիա Խաչատրյանը նշեց, որ իրենք խնդրանքներ են ստանում, որպեսզի նյութ տպագրեն «Գարդասիլի» վնասակարության մասին՝ ներկայացնելով հետազոտությունների արդյունքում եղած փաստերը։ Նա վստահեցրեց, որ բուկլետների տեսքով կներկայացնեն համակողմանի փաստարկներ, որպեսզի բոլոր բժիշկներն իմանան։ Մարինա Խաչատյանն ընդգծեց, որ իր երեխաները պատվաստումներ ստացել և ստանում են, որովհետև պատվաստումները կարևոր են, սակայն՝ ոչ «Գարդասիլի» դեպքում։

 
Загрузка...
Яндекс.Метрика
website by Sargssyan