«Պալատական հեղաշրջման» ստվերը. ինչի՞ կհանգեցնի ներիշխանական թևերի բախումը

Հանրության ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Ապարանում այսօր ուղեկցում էին ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը։ Ավինյանի հետ Ապարան են այցելել նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը: Այլ կերպ ասած՝ Ավինյանի թևի ներկայացուցիչները կամ Ավինյանի կադրերը: Ուշագրավ է, թե ինչո՞ւ հենց Ավինյանը դելեգացվեց նախկին իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման: Կարելի է, իհարկե, ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի կամ Արարատ Միրզոյանի հայտնվելը Սամվել Ալեքսանյանի հետ մեկ հարթակում՝ կարող էր որոշակի քաղաքական շշուկների առիթ հանդիսանալ, սակայն խնդիրն այստեղ շատ ավելի խորքային է, քան թվում է առաջին հայացքից: Ակնհայտ է, որ փոխվարչապետ Ավինյանը ձգտում է մնալ երկրում ընթացող քաղաքական գործընթացների ստվերում: Նրանից մենք չենք լսում կտրուկ հայտարարություններ, նա չի հայտնվում թեժ բանավեճերի կիզակետում և որևէ գնահատական հնչեցնելիս էլ դա անում է անչափ հաշվարկված:
  
Վերջերս Նիկոլ Փաշինյանն իր երկարաշունչ ասուլիսում խոսեց այն սենյակների մասին, որտեղ իր դեմ են հանդես գալիս։ Նա նշեց, որ այդ սենյակները երեքն են, թեև չբացառեց, որ դրանց քանակն ավելի շատ կարող է լինել։ Ակնհայտ է, որ այդ սենյակներից առնվազն մեկում տեղակայված է Տիգրան Ավինյանի բևեռը, թևը: Ավինյանը ձգտում է դառնալ առանձին քաղաքական միավոր և այս տեսանկյունից անգամ Սամվել Ալեքսանյանի հետ Ապարան գնալը միայն ու միայն դիվիդենտներ է բերելու փոխվարչապետին, քանի որ նա ցանկանում է ունենալ լավ հարաբերություններ բոլոր սեգմենտների հետ, այդ թվում՝ նախկին իշխանության ներկայացուցիչների: Մյուս կողմից, չկա գեթ մեկ նախարարություն, որտեղ Ավինյանը չունենա իր մարդը, մինչ այդ էլ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ փոխվարչապետն իր ձեռքն է վերցրել քրեական աշխարհի կուրացիան և համաներման ընթացքում ակտիվորեն միջամտում էր գործընթացին՝ նպաստելով ցանկալի անձանց ազատ արձակմանը:
 
Փաշինյանն, իհարկե, կարող է պնդել, որ իր կառավարությունում չեն կարող լինել թևեր, սակայն փաստը մնում է փաստ, որ այդ թևերն առաջացել են և  առաջացել են հենց Փաշինյանի անգործության հետևանքով: Պատճառն էլ այն էր, որ Փաշինյանը հեռու է պետական կառավարման ոլորտից և ստիպված բավական լայն ծավալի լիազորություններ է դելեգացրել Ավինյանին, վերջինս էլ հմտորեն այդ լիազորություններից օգտվել է: Ներիշխանական թևերից մեկի առաջնորդի մասնակցությամբ անգամ կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ բանավեճ տեղի ունեցավ։ Վարչապետի ու փոխվարչապետի լեզվակռվի ենթատեքստն այն էր, որ Փաշինյանը նյարդայնացած է Ավինյանի ստվերային գործունեությամբ, քանզի վերջինս իշխանության ներսում սեփական թիմն է հավաքում։ Ճիշտ է, այսօր Փաշինյանը դեռևս ունի այնպիսի վարկանիշ, որ ներիշխանական դավադրությունը նրա դեմ չի կարող իրավիճակ փոխել, բայց դա այսօր։ Վաղը պատկերն այլ է լինելու, ու դա տեսնում են քաղաքականապես քիչ թե շատ պատրաստվածություն ունեցող մարդիկ։
Загрузка...
Яндекс.Метрика
website by Sargssyan